BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

Կիսաեզրափակչի զույգերը հայտնի են
25.06.2013 | 12:25

Ֆուտբոլի Համադաշնությունների գավաթի խաղարկությունում, որը, ինչպես գիտեք, անցկացվում է Բրազիլիայում, հայտնի են կիսաեզրափակիչ դուրս եկած զույգերը: Խմբային արդյունքով իտալացիները «նվեր» ստացան աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններին, բրազիլացիները կմրցեն ուրուգվայցիների հետ:
Այս ամենը պարզ դարձավ այն բանից հետո, երբ խմբայինում իտալացիները, որքան էլ ջանացին, չկարողացան շրջանցել աշխարհի հնգակի չեմպիոններին: Ինչպես ասում են` չշրջանցելը, ինչ-որ տեղ, դեռ ոչինչ: Ի վերջո, եթե իտալացիներն աշխարհի քառակի, ապա բրազիլացիները հնգակի չեմպիոն են, իսկ չեմպիոնությունը, ինչպես հայտնի է, վաղեմության ժամկետ չունի և մոտավորապես ասոցացվում է հայկական ժողովրդական այն ասացվածքի հետ, որտեղ խոսվում է ուղտի կաշվի ու որպես չափի միավոր հանդես եկող իշաբեռի հետ: Գիտեմ, որ նուրբ ընթերցող եք, գրագետի կողքին` հավասարապես իրազեկված, դրա համար էլ մանրամասների մեջ չեմ խորանում: Ասել է թե` գնացինք առաջ:
Կողմերի հանդիպման մեջ խաղի հաշիվն էր մասնավորապես անհանգստացնողը, որովհետև չորս գոլ «ուտել» մի խաղում, երբ դարպասիդ ունես Բուֆոն, ինքդ էլ ոչ վաղ անցյալում առանձնանում էիր հատկապես քեզ բնորոշ անխոցելի պաշտպանությամբ, այնքան էլ բանի նման չէ, թեպետ այդ միֆի գլխին առաջին քար գցողները դեռևս նախորդ խաղում ճապոնացիները եղան` իրենց խփած երեք գնդակով: Ինչ խոսք, դաշնության գավաթի խաղարկության կտրվածքով հեռու գնացող եզրակացություններ անելն այնքան էլ խելամիտ բան չէ, մանավանդ որ մինչև աշխարհի առաջնություն ամբողջ մի տարի կա, սակայն փաստը մնում է փաստ, որ Պրանդելիի Իտալիան պաշտպանությունում ծակեր փակելու խնդիր ունի:
Իսկ խաղն ընդհանրապես գեղեցիկ էր: Իտալացիները բավական արագ կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: ՈՒ թող որ այն եղավ երկրորդ խաղակեսում, սակայն ոնց էլ գցում-բռնում ես, խաղի 45 և 51-րդ րոպեներն իրարից վեց րոպե է ընդամենը բաժանում, իսկ հանգստի համար հատկացված տասնհինգ րոպեն «ակտիվ» ժամանակ չէ: Հետո եղան ուրիշ գոլեր: Նախ, տուգանայինից հուժկու հարվածով դարպասը գրավեց Նեյմարը, ապա նույնքան հուժկու հարվածով առանձնացավ Ֆրեդը, ում ակտիվում է նաև հանդիպման չորրորդ գոլը: Բրազիլացու երկու գոլի արանքում Կելինին կարողացավ գրավել Սեզարի դարպասը, սակայն դա թույլ մխիթարանք էր:
Ինչևէ: Ճշմարտությունը, ինչ խոսք, պահանջում է ասել, որ, կազմի հետ կապված, իտալացիները խնդիրներ ունեին, և Պրանդելին ինչ-ինչ առումներով գնացել էր հարկադիր քայլերի, բայց որ դաշտ ելած բրազիլացիներն իրենց անհատական վարպետությամբ նկատելիորեն բարձր էին մրցակցից, չեմ կարծում, թե խոսելու թեմա է:
Խմբային երկրորդ խաղի վրա, թերևս, չարժե ծանրանալ, որովհետև այն լոկալ խնդիր էր լուծում և մեջտեղում ընդամենը մեկ հարց էր` երկուական պարտության կողքին մեքսիկացինե՞րը, թե՞ ճապոնացիները կունենան հաղթանակ: Առավել հաջողակ եղան մեքսիկացիները ու, առաջին հերթին, ի հաշիվ Չիչարիտոյի իսկապես արտակարգ խաղի, ով էլ դարձավ իր թիմի երկու գոլի հեղինակը` Մեքսիկային հաղթանակ բերելով 2:1 հաշվով:
Համադաշնության գավաթի խաղարկության B խմբում Թաիթիի հավաքականի հետ ունեցած «բասկետբոլային» հանդիպումից հետո (ուրիշ ի՞նչ անուն տաս մի խաղի, որտեղ արձանագրվում է 10:0 հաշիվ) կիսաեզրափակիչ արդեն իսկ դուրս եկած իսպանացիները հանդիպեցին Նիգերիայի ընտրանու հետ, որը խմբայինից երկրորդ տեղով դուրս գալու աղոտ հույսեր ուներ: Ասում ենք` աղոտ, որովհետև նախ պիտի հաղթեր «Վրեժի կարմիր աստվածուհուն», ինչը, չասենք բացարձակ անհավանականի, սակայն գրեթե անհավանականի ոլորտից էր, բացի այդ, Թաիթիի հավաքականն էլ դեռ պիտի կարողանար պարտության մատնել ուրուգվայցիներին, ինչը նույնպես վերը նշված ոլորտից էր: Շատ տեղեկացված ընթերցողի մեջ մութ հարցեր չթողնելու համար ասենք, որ տեսականորեն խմբում հնարավոր էր թիմերի այլ դասավորություն, եթե… Սակայն այդ եթեներն այնքան ֆանտաստիկ են, որ չարժե դրանք անգամ հիշատակել:
Դառնանք կոնկրետ խաղերին: Չափազանցած չենք լինի` ասելով, որ իսպանացիները թեթևից փոքր-ինչ ծանր մարզումային խաղ անցկացրին մրցակցի հետ ու անգամ այդ պարագայում հաղթեցին 3:0 հաշվով:
Իրենց հերթին գոլային ծարավը թաիթցիների վրա կոտրեցին ուրուգվայցիները` ութ անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը (այս ութ գոլը աշխարհի կրկնակի չեմպիոններին պետք էր այն դեպքում, եթե… Սակայն եթե-ների հաշվով արդեն պայմանավորվել ենք): Մի խոսքով, խմբային հանդիպումներն անցան սպասված տրամաբանությամբ, լավագույն քառյակը կազմեցին հենց այն հավաքականները, որոնց սպասում էինք հենց այդ քառյակում ու, այ, հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը:
Նախ ասենք, որ կիսաեզրափակիչներից ամեն մեկը յուրովի հետաքրքիր է, ամեն մեկը` յուրովի առանձնահատուկ:
Ֆուտբոլասերն ակներևաբար հիշում է, որ Եվրոպայի վերջին առաջնությունում ուժեղագույնի կոչումը վիճարկում էին իսպանացիների ու իտալացիների ընտրանիները, և այն ժամանակ, որքան էլ համակրելի էր Պրանդելիի թիմը, Բոսկեի տղաները մրցակցի ախորժակը չորս անպատասխան գնդակով չափի բերեցին` հընթացս հասկացնելով, որ խմբայինում իրենց հետ խաղացած ոչ-ոքիի համար, իսկ իտալացիները պիտի փառք տային Աստծուն: Ամսի 27-ին կայանալիք խաղը իտալացիների համար, ինչպես տեսնում ենք, ռևանշի խնդիր է պարունակում, մանավանդ որ այդ պատասխան խաղը, շատ հնարավոր է, նրանց մի անգամ էլ բրազիլացիների դեմ հանի, որտեղ մի հատ էլ նույնատիպ հարց կա:
Սակայն այսպես հիմնավոր ծանրանալով իտալացիների վրա` կարող ենք մեխանիկորեն տպավորություն ստեղծել, թե այս խաղում շահագրգռություն ունեն միայն նրանք: Հասկանալի է, որ դա այդպես չէ: Հաղթելու պակաս շահագրգռություն, եթե չասենք անկապտելի իրավունք ունեն և իսպանացիները, ովքեր այդ դեպքում դուրս կգան եզրափակիչ, որտեղ մրցակիցը, դարձյալ ասենք` շատ հնարավոր է, կլինեն բրազիլացիները: Եթե մի վայրկյան երևակայություններիս զոռ տանք ու ենթադրյալ այդ խաղը համեմատենք ցլամարտի հետ, ապա «իսպանական ցլի» համար բնավ նշանակություն չունի, որ մրցակիցը ավանդական դեղին մարզազգեստով է լինելու, քանզի միֆ է, թե ցլին կատաղեցնում են պնչի առաջ կարմիր գույնի շոր խաղացնելով: Նախ ցլերը, եթե չգիտեք` իմացեք, դալտոնիկ են, և աշխարհը նրանց համար կամ մուգ գորշ է, կամ բաց գորշ: Այնպես որ, այստեղ գույնը չէ, որ կարևոր է, այլ նրանց առջև հայտնվածի շարժվելու ունակությունը: Իսկ չշարժվել բրազիլացիները պարզապես չեն կարող երկու պատճառով.
ա. շարժումը նրանց բնույթն է (հիշեք նրանց տանգոները, ֆլամենկոները, լամբադաներն ու հազար ու մի բաները),
բ. եթե չշարժվեն, իսպանացիներն իրենց փոխանցումներով նրանց պարզապես «կուտեն», որքան էլ բրազիլացիները վիրտուոզ տեխնիկա ունեն:
Ավարտենք ասելիքներս, սակայն ընթերցողի հնարավոր մի դժգոհության դեմն առնելով: Քառյակը կազմած ՈՒրուգվայը բնավ էլ անտեսելու մտադրություն չունենք, ոչ էլ թերարժևորում ենք, շատ էլ լավ գիտենք, որ այն Հարավային Ամերիկայի գավաթակիրն է, Սուարեսի, Կավանիի, Ֆոռլանի նման ուժեղ ֆուտբոլիստներ ունի, և այդ ո՞վ ասաց, որ Համադաշնությունների գավաթի հետ կապված, պակաս հեռուն գնացող նպատակներ չունի: Մարդ ես, մի քիչ տաքացանք` առաջին երեքին փոքր-ինչ ավելի ուշադրություն դարձնելով: Եթե որևէ մեկին ակամա վիրավորել ենք, ներող կլինեք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ